Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Վրաստանի տեղն ու դերը արևմտյան հանրությունում

Վրաստանի տեղն ու դերը արևմտյան հանրությունում
07.10.2008 | 00:00

ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ
Բազմիցս նկատվել է, որ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ քաղաքական ծրագրերը, այսպես թե այնպես, իրականացվում են որոշակի հետևողականությամբ, նախանշված փուլերով։ Ելնելով դրանց առաջնահերթությունից՝ դրանք ներկայացվում են «պատահական» և երբեմն ոչ այնքան հասկանալի հայտարարությունների և հրապարակումների ձևով, մինչև պաշտոնական դոկտրինի երևան գալը։ 2003 թվականին ամերիկյան քաղաքական ծրագրավորման արենայում երևան եկավ հազիվ նկատելի մի գաղափար՝ արևմտյան հանրության կողմից իրականացվելիք աշխարհաքաղաքական բաժանումների մասին։ Ավելի ճիշտ, ժողովրդավարական աշխարհի ձևավորման, որը կարող է և պետք է ինտեգրացվի՝ անկախ քաղաքական, մշակութային և տնտեսական կացության տարբերություններից։ Այսինքն՝ ենթադրվում է, որ ժողովրդավարական աշխարհն ընդունակ է ադապտացնելու և տեսակավորելու միայն սահմանափակ թվով պետությունների, իսկ մնացյալ աշխարհաքաղաքական դաշտն արևմտյան ժողովրդավարական հանրության մեջ ընդգրկելու կարիքը սկզբունքորեն չկա։
Ժողովրդավարական աշխարհի արևելյան սահմանները՝ սկսած Հյուսիսային Ատլանտիկային մերձ տարածքներից, սահմանափակվում են Ռուսաստանով, Թուրքիայով և Հարավային Կովկասով։ Կա վարկած, որ այս նախագիծն առաջացել է ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության կողմից 1990-ականներին հովանավորվող լիբերալ-դեմոկրատական նախագծի գլոբալ տապալման արդյունքում։ Այսինքն՝ նոր նախագիծը, անկասկած, նախապատրաստված է ԱՄՆ-ի հանրապետական կուսակցությանը համակրող շրջանակների կողմից և իր էությամբ շատ է հիշեցնում Պենտագոնին բնորոշ ստիլիստիկան կամ նրա առաջնահերթությունը։ Այդ ծրագիրն առայսօր հրապարակայնության իրավունք չի ստացել, սակայն շատ կարևոր է Արևելյան Եվրոպայի հետ կապված ԱՄՆ-ի իրական մտադրությունները հասկանալու համար։ ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից Վրաստանի տեղի ու դերի որոշակիացումը հայտնի իմաստով կարող է հանդիսանալ վերոնշյալ նախագծի իրագործման դրսևորումներից մեկը։ Այսինքն՝ արևմտյան հանրության շրջանակներում ենթադրվում է ձևավորել պետությունների որոշակի ակումբներ, որոնց հիշյալ նախագծի շրջանակներում որոշակի դերակատարություն է վերապահված։
Արևմտյան հանրությունը Վրաստանի նկատմամբ կիրառում է շատ սպեցիֆիկ քաղաքականություն, որի համատեքստում այդ երկիրը դիտարկվում է որպես ոչ թե բազմաթիվ քաղաքական և սոցիալական պրոբլեմներ ունեցող սովորական պետություն, այլ ռազմավարական նշանակության ռազմական բազա, որի նկատմամբ կիրառելի չեն սովորական վերաբերմունքը կամ մոտեցումները։ ԱՄՆ-ն և Եվրամիությունն այլընտրանքային էներգետիկ կոմունիկացիաների անվտանգությունն ու հուսալիությունը կապում են Վրաստանի հետ, և այդ իմաստով այդ երկիրն արևմտյան ժողովրդավարական չափորոշիչների դաշտում որոշակի «անձեռնմխելիություն» է ստանում։ Նրա նկատմամբ չեն կիրառվում քննադատության սովորական նորմերը՝ կապված ժողովրդավարական կամ իրավական բնույթի խնդիրների հետ։ Եվրոպական փորձագիտական խմբերի փորձերը՝ կասկածի տակ դնել Վրաստանում գործող քաղաքական ռեժիմի ժողովրդավարական լինելու հանգամանքը, սկզբում ընկալվեցին իբրև բացառություն, իսկ հետո նրանց հասկացրին, որ նման մոտեցումը բացարձակապես ընդունելի չէ։ Վրաստանը դրվել է բացառիկ պայմանների շրջանակում և օգտվում է դրանից նույնիսկ ավելի չափով, քան դա թույլատրելի է։ Արևմտյան հանրությունը չի կարող չտեսնել, որ քաղաքական իրավիճակը երկրում անշեղորեն վերադառնում է դեպի Էդուարդ Շևարդնաձեի կառավարման ժամանակաշրջանի դրսևորումները, երբ հասարակության գոյության նվազագույն պայմանները պայմանավորված էին ոչ թե իրավունքով կամ օրենքով, այլ անցյալի որոշակի ավանդույթներով, որոնք ժողովրդավարական զարգացման համար չեն կարող ապահովել անհրաժեշտ դինամիկա։ Այդքանով հանդերձ բնութագրական է, որ Արևմուտքի քաղաքական կենտրոնները վերահսկողության տակ են դրել փորձագիտական դաշտն ու ԶԼՄ-ները՝ արգելելով որևէ քննադատություն Վրաստանում տիրող իրադրության վերաբերյալ։ Ցանկացած ներքաղաքական դրսևորում, այդ թվում` դժգոհության ակցիաները և նույնիսկ պետական չինովնիկների ակնհայտ հանցագործությունները, Արևմուտքում ներկայացվում են իբրև «ժողովրդավարական զարգացման հետևանքներ»։ Այդ հանգամանքն ինքնին խոսում է Վրաստանի քաղաքական և սոցիալական ոլորտներում շատ լուրջ խնդիրների առկայության մասին։ Նույնիսկ Հարավային Օսիայում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները առիթ և նյութ չդարձան վրացական իրականության իրական վերլուծության համար։
Մինչդեռ իրականում Վրաստանն այլևս սպառել է նախկին ավանդույթներից բխող բոլոր ձեռքբերումները, և երկիրն ակնհայտորեն գնում է լատինաամերիկյան զարգացման ուղիով, ինչը նրա համար «պատվավոր» տեղ կապահովի արևելաեվրոպական ամենահետամնաց երկրների շարքում։ Դա նշանակում է, որ բնակչության բացարձակ մեծամասնությունն ապագա տասնամյակների կտրվածքով կմնա աղքատության մեջ։ Վրացական քաղաքական և տնտեսական էլիտան, ամենայն հավանականությամբ, ամբողջությամբ հրաժարվել է իրական տնտեսություն զարգացնելու բոլոր մտադրություններից և գործում է բացառապես տրանսպորտային ոլորտից ստացվող արդյունքները յուրացնելու ուղղությամբ։ Միգուցե ազգային հոգեկերտվածքի առումով վրացիները հակված չեն արդյունաբերության զարգացման, իսկ արտաքին դաշտից երկրում ներդրումներ կատարող գործարարները չեն տեսնում Վրաստանում արդյունաբերական կապիտալի ներդրման հնարավորություն, ինչը, իհարկե, պայմանավորված է նաև հարաբերական կայունությամբ։ Բայց փաստ է, որ արտասահմանյան ընկերությունները, ինչպես նաև վրացական էլիտան, կենտրոնացած են բացառապես այն նյութական և բնական ռեսուրսների շահագործման ուղղությամբ, որոնք կան Վրաստանում, բայց դրանից այն կողմ արտասահմանյան ներդրողների շահերը չեն դրսևորվում։ Դա անխուսափելիորեն անդրադառնալու է սոցիալական խմբերի ձևավորման վրա, ըստ որում, միանգամայն հավանական է, որ երկրի տարբեր շրջանները միմյանցից խիստ կտարբերվեն զարգացմամբ և կենսամակարդակով, կառաջանան, այսպես ասած, «մերժված» տարածաշրջաններ։
Արևմտյան հանրությունը ոչ մի հետաքրքրություն չի ցուցաբերում այն հարցերում, որոնք կհանգեցնեին Վրաստանի հիմնարար տնտեսական խնդիրների լուծմանը և նախընտրում է երկրում զարգացնել միայն կոմունիկացիոն ծրագրերը։ Հաշվարկն այնպիսին է, որ դա կապահովի բնակչությանը նվազագույն եկամուտներ և սպառում, ինչն էլ թույլ կտա հաստատել որոշակի կայունություն։ Վրաստանի վերածումը փոխադարձ կապվածություն ունեցող կոմունիկացիաների կոմպլեքսի, ի վերջո, հանգեցնելու է ոչ միայն արտաքին քաղաքական կախվածության, այլև արտաքին և ներքին կոշտ քաղաքականության։ Այլընտրանքային էներգետիկ կոմունիկացիաների կառուցման և ձևավորման գործընթացը Վրաստանում շուտով կավարտվի, և երկիրը ստիպված կլինի բացարձակապես հրաժարվել արտաքին քաղաքական բոլոր հավակնություններից։ Իսկ այդպիսի պայմաններում գտնվող պետությունն արևմտյան հանրությունից է ստանալու իր բոլոր գործողությունների սխեման, որը հիմնված է լինելու «պարտականություններ, հետո իրավունքներ» սկզբունքի վրա, և ուր առաջնահերթ են լինելու անվտանգության խնդիրները։
Հարկ է նկատի ունենալ, որ հարավօսական աղետին նախորդեցին բացարձակապես հորինված և քաղաքական իրողություններով չհաստատված հավաստիացումներ Վրաստանի ղեկավարությանը։ Վրաստանին առաջարկվեց աբխազական և հարավօսական խնդիրների կարգավորման բացարձակապես անիրատեսական և հորինված հեռանկար, որն իր մեջ պարունակում էր ռուսական խաղաղապահների դուրսբերում տարածաշրջանից և այլ պետությունների զինված ուժերի մուտք այդ գոտիներ։ Այդ անհավանական և ֆանտաստիկ գաղափարը, այնուհանդերձ, ձեռնտու էր Վրաստանի իշխանություններին, որոնք հաճույքով ընկալեցին այդ «մտորումները», քանի որ 2004-06 թթ. իրադարձություններից հետո հանրությանը ներկայացնելու այլ բան չունեին։ Ըստ որում, բացառված չէ, որ վերոնշյալ գաղափարը ծնունդ առավ հենց Թբիլիսիում և արդեն հետո դարձավ ԱՄՆ-ում և Եվրամիությունում որոշ շրջանակների սեփականությունը, որտեղ ևս ունեին վրացական հարցերի վերաբերյալ նոր քարոզչական դոկտրինի կարիքը։ Այս մերձքաղաքական բլեֆի դիմաց Վրաստանի վզին փաթաթվեց միանգամայն դրական պայման՝ ռազմական ուժի կիրառման բացառում, որն Արևմուտքը, թատերական ներկայացում համարելով հանդերձ, մտավախություն ուներ, որ դա կհանգեցնի մեծ տհաճությունների։ Մանավանդ որ Վրաստանի ձգտումը դեպի ՆԱՏՕ նպատակ չունի բանակի մարտունակության բարձրացման, այլ ենթադրում է ոչ հավակնոտ, բավական փոքրաքանակ զինված ուժերի ստեղծում, որոնք նախատեսված են բացառապես պաշտպանական և ամենից առաջ էներգետիկ կոմունիկացիաների պահպանության ու երկրի ներսում կայունության ապահովման համար։ (ՆԱՏՕ-ն նույնպիսի խնդիրներ է դնում նաև Հարավային Կովկասի մյուս պետությունների առջև)։
Արևմտյան հանրությունը Աբխազիան և Հարավային Օսիան դիտարկում էր իբրև «առկախ» մնացած պետական վարչական կազմավորումներ, որոնք գտնվում են Ռուսաստանի վերահսկողության տակ, և դա անվտանգության ապահովման միակ միջոցն էր համարվում։ Վրացական կառավարողները չէին կարող չհասկանալ դա և փորձեցին շոշափել այդ երկու կազմավորումներից գոնե որոշակի տարածքներ խլելու հնարավորությունը։ Բայց դա էլ բավական վտանգավոր ուղի է, քանզի դարձյալ հանգեցնում է ռազմական հակամարտության թեժացման՝ արդեն չխոսելով ծավալուն ռազմական գործողությունների հնարավորության մասին։ Այլ հարց է, թե որքանով էին Վրաստանի ղեկավարները համաձայնեցրել իրենց ծրագրերը արևմտյան գործընկերների հետ։ Այսօր տպավորություն է ստեղծվում, որ այդ ծրագրերի առարկայական համաձայնություն չի եղել։ Թերևս դրա կարիքն էլ չկար, նկատի ունենալով այն` որ Արևմուտքը շատ անհարմար էր զգում իրեն այդ խնդիրների վերաբերյալ որոշակի պարտավորություններ ստանձնելու առումով։ Մ. Սաակաշվիլու՝ 2007-ին Փարիզ, Լոնդոն և Բեռլին կատարած այցերի արդյունքում Վրաստանում վերջնականապես հասկացան, որ իրենց վերապահված է մարգինալ պետության դեր, սահմանափակ գեոռազմավարական գործառույթներով, և ԱՄՆ-ն ու Եվրոպան նույնիսկ որոշակի մտադրություններ չունեն ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը լուծելու և անջատված տարածքները Վրաստանին վերադարձնելու։ Այսպիսով պարզ դարձավ, որ արևմտյան հանրության մաս կազմելը չի երաշխավորելու քաղաքական և այլ զարգացում։
Հարց է առաջանում, թե արդյոք շատ չե՞ն Վրաստանի պարտավորությունները, և այդ դեպքում որո՞նք են նրա իրավունքները։ ՈՒժային կենտրոնների գծած սցենարի համաձայն, Վրաստանը հնարավորություն կստանա պահպանելու այն, ինչ դեռևս ունի այսօր։ Այսինքն՝ Վրաստանին կթույլատրվի ոչ շատ կոշտ միջոցներով իրականացնել էթնիկական զտումներ, որոնք ուղղված կլինեն ամենից առաջ հայկական և ադրբեջանական բնակչության դեմ։ Որովհետև Սամցխե-Ջավախեթիում և Քվեմո-Քարթլիում այս երկու ազգային տարածքային միավորումներն են պահպանվել։ Այդ երկու պրոբլեմից ազատվելով՝ Վրաստանը կվերածվի մոնոէթնիկ պետության։ Այդպիսի նվեր ժողովրդավարական Վրաստանին կտրվի Աբխազիայի և Հարավային Օսիայի վերաբերյալ պարտադրված խաղն ընդունելու դեպքում, որովհետև դա է հանդիսանում կոմունիկացիաների անվտանգության ապահովման երաշխիքը։ Միատարր և կոմպակտ վրացական պետության ստեղծման գաղափարը նոր չէ, այն առաջացավ 1990-ականների կեսերին, երբ վրացական քաղաքական դասակարգը դեռ ինչ-որ պատրանքներ ուներ՝ կապված Է. Շևարդնաձեի միջազգային բացառիկ «կարգավիճակի» հետ։ Այս գաղափարը ժամանակ առ ժամանակ տիրաժավորում են որոշ հեղինակներ, որոնց քաջ հայտնի է, որ գաղափարի մշակումն իրականացվել է ամերիկացիների փոխանցումով։ Այդ մասին լավ գիտեն ռուսական լիբերալ քաղաքական շարժման ներկայացուցիչները, որոնք իշխանության էին 1990-ականներին։ Այն ժամանակ նրանք տեղեկատվություն են ստացել հիշյալ գաղափարի անմիջական մշակողներից, ինչպես նաև միջնորդավորված։ Սակայն այդ գաղափարը մի կողմ դրվեց մինչև էներգետիկ կոմունիկացիոն ծրագրերի իրագործումը, որից հետո միատարր և կոմպակտ պետության գաղափարն արդեն կարելի է դիտարկել իբրև արտաքին քաղաքական դոկտրինի էլեմենտ։ Քաջ հայտնի է, որ Ռուսաստանը, երկար ժամանակ հետաքրքրություն չդրսևորելով հայաբնակ Ջավախքի նկատմամբ, հիմա ավելի քան ակտուալ շահեր ունի այստեղ։ Ակնհայտ է, որ Մոսկվան կցանկանար այդ տարածաշրջանում ապստամբություն կամ նման ինչ-որ բան հրահրել։ Այդպիսի լարվածության ստեղծումը միաժամանակ կլուծեր մի քանի խնդիր. կխախտվեին ԱՄՆ-ի որոշ ծրագրերը, երաշխավորված կթշնամանային Վրաստանն ու Հայաստանը, նոր լծակներ կստեղծվեին Թուրքիայի նկատմամբ։ Բացի այդ, ցանկալի պահին Վրաստանի հետ նոր հարաբերություններ ձևավորելով, Ռուսաստանը կարող էր «փոխանակում» կատարել Ջավախքում էթնիկական զտումը՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի խնդիրները Վրաստանի կողմից մոռացության տալու դիմաց։ Շատ ընդունելի մի տարբերակ վրացական նոր էլիտայի համար, որը, այսպես թե այնպես, վաղ թե ուշ ձևավորվելու է։ Ըստ որում, այդ քաղաքականությունն առանձնապես չի դատապարտվի նաև Արևմուտքի կողմից, եթե մինչ այդ չձեռնարկվեն կանխարգելիչ միջոցառումներ։ Այդ հանգամանքը չի ազդի արևմտյան հանրության մեջ Վրաստանի տեղի ու դերի վրա, մանավանդ որ Արևմուտքը կողմնակից է վրաց-ռուսական հարաբերությունների ոչ համապարփակ, բայց որոշակի կարգավորման։ Վրաստանն Արևմուտքին անհրաժեշտ է այն ծրագիրն ավարտին հասցնելու համար, որի մասին վերևում խոսվեց, և Թբիլիսին, դիտողություններով հանդերձ, Արևմուտքում ընդունվելու է իբրև յուրային՝ օտարների մեջ։
Բոլոր գրավոր փաստաթղթերը, որ պարունակում են ազգային փոքրամասնությունների նկատմամբ Վրաստանի քաղաքականության քննադատություն, այսօր չեն արժանանում որևէ ուշադրության, նույնիսկ ոչ հրապարակային քննարկման։ Դրանք անգամ արգելափակվում են եվրոպական և ամերիկյան կառույցների կողմից, իսկ այն փորձագետների հետ, որոնք փորձել են երբևէ ներկայացնել այդ խնդիրները եվրոպական կառույցներում, անցկացվել է որոշակի բացատրական աշխատանք։ Վրաստանի հայկական և ադրբեջանական հասարակական կազմակերպությունների փորձերը՝ հայտարարելու, որ Վրաստանում իրականացվում է ազգային խտրականության և էթնիկական զտումների քաղաքականություն, նույնպես շրջափակվում են։ Վրաստանի ղեկավարությանն արևմտյան կառույցներից այս կապակցությամբ տրվող խորհրդատվությունները պարունակում են միայն ավելի կոռեկտ և չափավոր ձևերով գործելու երաշխավորություններ։ Միջազգային հանրության այսպիսի դիրքորոշումը կարելի է ձևակերպել հետևյալ կերպ. խտրականությունն անթույլատրելի է, բայց էթնիկական զտումը միանգամայն ընդունելի միջոց է անվտանգության պայմանների ստեղծման համար։ Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցի քննարկումներին զուգահեռ, ՆԱՏՕ-ից և Եվրամիությունից Թբիլիսիին են հասցեագրվում հարցադրումներ միայն այն մասին, որ ինչքան հնարավոր է արագ պետք է լուծել էթնիկ փոքրամասնություններին դուրս մղելու հարցը, այլապես արևմտյան կառույցների կազմում ընդգրկվելուց հետո այդպիսի գործողությունների կիրառումը կդառնա շատ բարդ կամ անհնարին։
Կարող է հարց առաջանալ, թե ո՞ր կառույցներն են մատուցում այդպիսի խորհրդատվություններ կամ տալիս նման երաշխավորություններ։ Առանց որևէ կասկածի, այդ կառույցների թվին պետք է դասել բացարձակապես բոլոր այն կառուցվածքները, որոնք ինտեգրացված են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի պետական շահերի շրջանակներում, և որոնք մասնագիտաբար զբաղվում են վրացական խնդիրներով։ Ընդհանուր առմամբ, այդ ցուցակում կարող են հայտնվել մոտ քսան կազմակերպություններ, որոնց անունները, պաշտոնակարգման չափորոշիչները, կապերն ու շփումները, հովանավորների ով լինելը և ապագա ծրագրերը շատ լավ հայտնի են։ Այսօր այլևս վստահաբար կարելի է պնդել, որ Վրաստանի քաղաքականությունն էթնիկական զտումների ուղղվածություն ձեռք բերելու դեպքում կունենա համակարգային նշանակություն և բովանդակություն՝ միջազգային հարաբերությունների առումով։ Այդ կապակցությամբ Վրաստանի էթնիկ փոքրամասնությունները հարկադրված կլինեն համառ քաղաքական պայքար մղել իրենց ազգային օջախում ապրելու իրավունքի համար։ Դա ենթադրում է երկարատև դիմադրություն ոչ միայն վրացական էքսպանսիային, այլև նրա գործընկերների քաղաքականությանը երկրի ներքին խնդիրների կապակցությամբ։ Չափազանցություն կլիներ պնդել, թե բոլոր այս հարցերն անլուծելի են։ Համենայն դեպս, Վրաստանի գործընկերները, լինելով ժողովրդավարական աշխարհի առաջնորդ երկրներ, խիստ խոցելի են հումանիտար և ժողովրդավարության ու սոցիալական քաղաքականության հիմքերի պաշտպանության առումով։ Այդ պետությունների, առանձին քաղաքական խմբավորումների միջև եղած հակասությունները բավականաչափ ուժեղ են և կարող են հանգեցնել էական փոփոխությունների այդ երկրների արտաքին քաղաքականության մեջ տարբեր տարածաշրջանների նկատմամբ։ Եվրասիայի և «Մեծ Մերձավոր Արևելքի» նկատմամբ Արևմուտքի քաղաքականության մեջ հասունանում է նոր փուլ, որը պայմանավորելու է նոր միջազգային հարաբերությունների ձևավորումը։ Սակայն պրոբլեմները, բոլոր դեպքերում, լուծվում են ամենից առաջ կոնկրետ տեղերում և կոնկրետ ժամանակի մեջ։

Իգոր Մուրադյան

Դիտվել է՝ 4740

Մեկնաբանություններ